Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Տաղանդավոր հետախույզը, փայլուն դիվանագետը, բարձր ինտելեկտուալը

Տաղանդավոր հետախույզը, փայլուն դիվանագետը, բարձր ինտելեկտուալը
05.07.2022 | 12:59

Իվան Իվանի Աղայանցը ծնվել է 1911թ․ օգոստոսի 28-ին հայկական Գանձակ, մինչև 1917 թվականը՝ Ելիզավետպոլ, ներկայումս Գյանջա (Ադրբեջան) անունը կրող քաղաքում, Իվան և Աննա Աղայանցների բազմանդամ ընտանիքում։

Միջնակարգ դպրոցը, այնուհետ տնտեսագիտական տեխնիկումն ավարտելուց հետո աշխատել է արտադրությունում, ներգրավված է եղել կոմերիտական, կուսակցական աշխատանքներում։
1930 թվականին ավագ եղբայրների հետքերով երիտասարդ Իվանը հայտնվում է Մոսկվայում, աշխատանքի անցնում միասնական պետական քաղաքական կառավարման գրասենյակում։ 1936-ից տեղափոխվում է երկրի արտաքին հետախուզության համակարգ ու սկիզբը դնում իր փաստացի լեգենդար հետախուզական գործունեության, որի շատ ու շատ էջեր առ այսօր էլ մնում են չգաղտնազերծված։
ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչության աշխատակցի, ապա դեսպանատան հյուպատոսության բաժնի վարիչի քողի տակ 1937 թվականին երիտասարդ հետախույզը գործուղվում է Ֆրանսիա, այնուհետ տեղափոխվում Իսպանիա, որտեղ էլ ստանում է մարտական առաջին մկրտությունը՝ մասնակցելով հանրապետական ռեժիմի անկումից հետո իսպանական կոմունիստական կուսակցության առաջնորդներ Դոլորես Իբարուրիին և Խոսե Դիասին Խորհրդային Միություն տարհանելու աշխատանքներին։


Թիկունքում ունենալով ԽՍՀՄ ներքին գործերի կոմիսարիատի տարբեր ստորաբաժանումներում ղեկավար աշխատանքի զգալի փորձ՝ Ի․ Աղայանցը, որպես ռեզիդենտ, 1941-ից գործուղվում է ԽՍՀՄ-ի համար առաջնային ստրատեգիական նշանակություն ունեցող Իրան (պաշտոնական ձևակերպմամբ՝ որպես ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական), որտեղ էլ բացառիկ կարևորության աշխատանքային ուղղությունների, հանձնարարությունների կողքին իրականացրել է հանրությանն առավելապես «Թեհրան-43» կինոնկարից հայտնի օպերացիան, որը, ըստ էության, Խորհրդային Միության ու նացիստական Գերմանիայի հետախուզական ծառայությունների փայլուն մրցակցության դասագրքային օրինակ է։


Ինչպես հայտնի է, «Մեծ եռյակի» ոչնչացման համար նացիստները մշակել էին «Երկար ցատկ» օպերացիան, որի համար Իրանում հասցրել էին տեղակայել մի քանի դիվերսիոն խումբ, որոնց ընդհանրական ղեկավարը հանրահայտ Սպիավոր մարդն էր՝ Օտտո Սկորցենին, ով դրանից առաջ հաջողացրել էր ֆաշիստական Իտալիայի դուչեի՝ Մուսոլինիի առևանգումը։ Հենց Իվան Աղայանցի գլխավոությամբ է մշակվել ու իրականացվել դասական դարձած տեռորիստական ակտի տապալումը, արդեն իսկ նախապատրաստական փուլում կանխվել գերմանական կողմի մշակած օպերացիան։ Այդ մասին գրվել են գրքեր, «Թեհրան-43»-ից զատ նկարահանվել այլ ֆիլմեր, սակայն շատ ու շատ բան դեռևս մնում է «կադրից դուրս»։
Հետախուզական արվեստի կատարյալ գլուխգործոցներ են նաև Ի․ Աղայանցի գործուղումները Ալժիր (1943թ), հանդիպումները Շառլ դը Գոլի հետ՝ հետպատերազմյան Եվրոպայի մասին գեներալի ունեցած պատկերացումների հստակեցումներով, երկրում ամերիկյան ու անգլիական հետախուզությունների ծրագրերի բացահայտումով։
Ալժիրյան առաքելությունից զատ Աղայանցն ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի, օպերատիվ միջոցառումներ է իրականացրել նաև Եգիպտոսում, Իրաքում, լեռնային բնակավայրերում աշխատանքներ իրականացրել իրաքյան քրդերի հետ։


1945թ․ հունիսից Ի․ Աղայանցը աշխատանքի է անցնում Ազգային անվտանգության նախարարությանը կից գործող Ազգային անվտանգության կոմիտեի 1-ին վարչության կենտրոնական համակարգ։ Մեկ տարի անց, ազգային անվտանգության աշխատակցի որակում, նա արդեն Ֆրանսիայում էր, գործում էր Ավալով ծածկանվան տակ՝ իր գլխավորած ռեզիդենտուրայով բացառիկ դերակատարություն ունենալով «Մարշալի պլանը» ձեռք գցելու հարցում, ինչը խորհրդային պատվիրակությանը հնարավորություն տվեց մերկացնել Եվրոպայում ԱՄՆ-ի վարած քաղաքականության երկակի բնույթը։
1947-ի կեսերից մինչև 1952-ի հունվարը նա ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարությանը կից նախարարների խորհրդի ինֆորմացիայի կոմիտեի 2-րդ վարչության, իսկ մինչև 1954-ի մարտը Ազգային անվտանգության նախարարության տարբեր ստորաբաժանումների, կառույցների ղեկավարն էր։


1954-ին հաջորդած ժամանակաշրջանը անվանի հետախույզի աշխատանքին գործունեության բուռն վերընթացի տարիներ էին։ Հատկանշական է նրա նշանակումը ԽՍՀՄ ՊԱԿ-ի առաջին գլխավոր վարչության «Դ» բաժնի ղեկավարի պաշտոնում։ Սա նոր ստեղծված կառույց էր, ակտիվ միջոցառումների մշակման ու իրականացման ոլորտում արտաքին հետախուզության կազմակերպչի ու համակարգողի դերակատարմամբ գործունեության դաշտով։ Ի․ Աղայանցի հմուտ ղեկավարմամբ ձախողվել են Կուբայի, Կոնգոյի, Լաոսի դեմ ուղղված ԱՄՆ-ի ռազմամոլ պլանները։
Հետաքրքրական է, որ Կոնգրեսում ունեցած զեկույցում Կենտրոնական հետախուզական վարչությունն անթաքույց խոսել է այն լուրջ բարդություններից, որոնց բախվել է ի դեմս գեներալ Աղայանցի ղեկավարած «Դ» վարչության գործունեության։ Նկատենք՝ որպես գեներալ հիշատակվող Աղայանցն այդ ժամանակ դեռևս գնդապետի զինվորական կոչում ուներ։ Պարզապես ամերիկյան պատկերացումների մեջ չէին տեղավորվում համաշխարհային հետախուզության այդ հսկայի վաստակի պայմաններում դեռևս գնդապետ լինելը։
1966թ․ Աղայանցը ստանում է նոր նշանակում՝ ՊԱԿ-ի առաջին գլխավոր վարչության (արտաքին հետախուզություն) «Ա» բաժնի ղեկավար՝ մեկ տարի անց ստանձնելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնն ու աշխատելով մինչև 1968թ. մայիսի 12-ը՝ մահկանացուն կնքելու օրը։ Ի դեպ, հանրահայտ «Թայմզ» ամսագիրը մահախոսականների բաժնում այդ օրը հիշատակել է ընդամենը երկու անուն` Ռոբերտ Քենեդիի ու ԽՍՀՄ ՊԱԿ-ի գեներալ Իվան Աղայանցի:


Յասենևոյում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության շտաբի հետախուզության պատմության կաբինետում կա հուշատախտակ, որի վրա անմահացված է 68 անուն։ Դրանք մարդիկ են, ովքեր ԽՍՀՄ հետախուզության պատմության մեջ թողել են բացառիկ հետք։ Այդ կոհորտայում իր արժանի գրանցումն ունի մեր հայրենակից Իվան Իվանի Աղայանցը, ով, ի դեպ, ոչ միայն ակտիվ հետախույզ էր։ Նա, գործնական աշխատանքին զուգահեռ, լուրջ ներդրում է ունեցել հակահետախուզության հատուկ տեսական հիմնախնդիրների վերհանման, կադրերին հիմնարար գիտելիքներով զինելու գործում, նրա օրոք է լույս տեսել քաղաքական հետախուզության մասին առաջին ձեռնարկը։
Չնայած լարված աշխատանքին՝ Ի․ Աղայանցը հետևողական է եղել հիմնարար կրթություն ստանալու գործում։ Նա 1951-1955-ին ուսանել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում, 1955-56 թվերին՝ Խորհրդային բանակի ռազմադիվանագիտական ադյունկտուրան, հաջողությամբ աշխատել թեկնածուական թեզի վրա։ Շնորհիվ օտար լեզուներ տիրապետելու բացառիկ ունակությանը, ականավոր հետախույզը վարժ խոսել է ֆրանսերեն, պարսկերեն, թուրքերեն, իսպաներեն , տիրապետել է անգլերենին ու իտալերենին։


Աղայանցն անառարկելի հեղինակություն էր հետախուզության ոլորում։ Նրա մեջ համադրված էին ոչ միայն օպերատիվ աշխատանքի հանճարը, հայրենիքի նվիրյալ զինվորը, այլև բարձր մտավորականը, շրջապատի նկատմամբ զգայուն մարդը, բարեկիրթ քաղաքացին։
Ազգային անվտանգության համակարգում լեգենդար հետախույզը ծառայությունը սկսել է կրտսեր լեյտենանտի, ավարտել գեներալ-մայորի զինվորական կոչումով։
Աշխատանքային գործունեությունում արձանագրած հաջողությունների համար գեներալ Աղայանցը պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի երկու, Բուլղարիայի «1944թ․ սեպտեմբերի 9» շքանշաններով, բազմաթիվ, այդ թվում և այլ երկրների մեդալներով, «ՆԳԺԿ վաստակավոր աշխատակից», «Պետանվտանգության պատվավոր գործիչ» կրծքանշաններով։


Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 22249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ